Արթուր Դավթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին

14:28, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունվարի 17-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով քրեաիրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները: Կարևորվել է հատկապես ԵԱՏՄ շրջանակներում մարդկանց, էլեկտրոնային ծառայությունների ազատ տեղաշարժի պայմաններում քննությունից խուսափող անձանց հայտնաբերելու և նախատեսված ընթացակարգերով միմյանց հանձնելու գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ծավալվող գործընկերային հարաբերությունները՝ կողմերն անդրադարձել են նաև  ՀՀ և ՂՀ դատախազությունների միջև քրեական գործերով իրավական փոխօգնությանը, հանցավորության դեմ պայքարում առավել սերտ գործակցությանն առնչվող՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:


© 2009 ARMENPRESS.am