ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում հիմնարար ազատությունների ոտնահարման առնչությամբ

10:30, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները խորը մտահոգված է Թուրքիայում մարդու հիմնարար ազատությունների սահմանափակման դեպքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը:

Անդրադառնալով Freedom House-ի կողմից հրապարակված՝ աշխարհում ազատության նոր ինդեքսին, որում Թուրքիան ներառված է անազատ երկրների շարքում, Նոյերթն ասել է. «Մենք վաղուց արդեն խոսել ենք այս մասին, որ խիստ մտահոգված ենք Թուրքիայում տեղի ունեցող որոշ զարգացումներով: Մտահոգված ենք այն քայլերով, որ թուրքական իշխանություններն իրականացնում են՝ սահմանափակելով խոսքի ազատությունը»: Նա ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունն իր գործողություններով թիրախավորում է մարդկանց, ում տեսակետները տարբերվում են իրենցից:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք այս հարցին»,- հայտնել է պետդեպի խոսնակը:


© 2009 ARMENPRESS.am