Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց Տաջիկստանի հետ առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը

10:51, 16 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիները փոխադարձաբար միմյանց երկրներ կայցելեն առանց վիզաների: Ինչպես հաղարդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին միաձայն կողմ քվեարկեց 92 պատգամավոր:

Համաձայնագրով կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդմիջումներով մնալ մյուս երկրում, բայց ոչ ավելի,  քան 90 օր:   Համաձայնագրում հստակեցված է, որ սա այն դեպքում, եթե պետությունը իր օրենսդրությամբ ավելի դյուրին պայմաններ չի ստեղծում:

 


© 2009 ARMENPRESS.am