Գեղարքունիքում այս տարի պետական միջոցներով կհիմնանորոգվի 1 մշակութային, 3 կրթական հաստատություն
16:46, 15 Հունվար, 2018ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2018 թվականին պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվի 1 մշակույթի տան եւ հանրակրթական 3 դպրոցի շենքեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, այդ նպատակով պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 396 միլիոն 412 հազար դրամ, որից 157 հազար դրամը տրամադրվելու է Սեւան քաղաքի մշակույթի տան, 147 միլիոն 347 հազար դրամը՝ Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի, 42 միլիոն 931 հազար դրամը՝ Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի եւ 49 միլիոն 115 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքերի հիմնանորոգմանը:
«Սեւանի մշակույթի տանը, թիվ 1 հիմնական եւ Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցներում շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել ցանկացած օր, քանի որ այդ օբյեկտներում նախորդ տարիներից է պետական միջոցներով ու փուլերով իրականացվել հիմնանորոգում, իսկ այս տարի ընդամենը ընթանալու է շարունակման փուլը:
Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում հիմնանորոգումը սկսվում է այս տարվանից եւ ընթանալու է առաջիկա տարիների ընթացքում, ուստի եւ այստեղ շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել հայտարարված մրցույթի կայացումից հետո միայն:
Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցում այս վերջին հատկացումով կավարտվի հիմնանոնրոգման ծրագիրը, իսկ ահա Սեւանի մշակույթի տան, Զոլաքարի թիվ 2 եւ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցներում հիմնանորոգման համար պետբյուջեից միջոցներ կհատկացվեն նաեւ մոտակա տարիներին՝ ծրագրերն ամբողջությամբ ավարտելու համար»,-նշեց քաղաքաշինության վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան
© 2009 ARMENPRESS.am