Տեղեկատվության ազատության ոլորտում պատասխանատուները օրենսդրական բացեր են տեսնում

14:57, 15 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվության ազատության ոլորտում օրենսդրական բացեր կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը «Ինֆորմացիաի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանն ասաց, որ այդ առումով 2017 թվականը բավական բարդ էր ոլորտի համար: «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի մշակումը հարուցել էր քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգությունը: «Հասարակական կազմակերպությունները, լրագրողական համայնքը բավարարված չէին նախագծում առաջ քաշվող խնդիրներով»,-ասաց Դոյդոյանը՝ հավելելով, որ իրենց կազմակերպությունը ամբողջ տարի աշխատանքային խումբ ստեղծելու պահանջ ներկայացրեց` կլոր սեղանի շուրջ նախագծի վրա աշխատելու համար, սակայն ապարդյուն: «Տեսնենք, թե այս ամենն ինչ շարունակություն կունենա 2018 թվականին»,-նշեց Դոյդոյանը:

Ըստ նախատեսված փոփոխությունների՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ տեղեկություն»: Մեկ այլ դրույթով՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, «եթե  պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատնման»: Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները կարող են հարցմանը չպատասխանել նաև այն դեպքում, եթե 50-ից քիչ աշխատակից ունեն:


© 2009 ARMENPRESS.am