Վարդենյաց լեռնանցքում իրականացվում են ճանապարհի մշակման եւ լայնացման աշխատանքներ

15:30, 13 Հունվար, 2018

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերի ընթացքում բքերի պատճառով դժվարանցանելի է դարձել Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհը՝ Վարդենյաց լեռնանցքի հատվածում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, մոտ երեք կիլոմետր երկարությամբ ճանապարհի մի քանի տարբեր հատվածներում բքից ձեւավորված ձյան շերտը դժվարանցանելի վիճակ է ստեղծել տրանսպորտային երթեւեկության համար:

Ճանապարհաշինարարներն ապահովել են անցանելիությունը նախորդ օրերի ընթացքում, փրկարարների հետ խցանումից դուրս բերել ավտոմեքենաներ, իսկ հունվարի 13-ի առավոտվանից ձեռնարկել են մշակման եւ ձյան շերտի հեռացման աշխատանքներ:

«Հունվարի 12-ի գիշերը բքի պատճառով մի քանի մեքենաներ էին խցանվել ձյան մեջ տարբեր հատվածներում: Ուղեւորները փրկարարների ուժերով տեղափոխվել էին Մարտունի, իսկ առավոտյան մեր կողմից խցանումից դուրս բերվեցին բոլոր մեքենաները: Հունվարի 13-ի գիշերվա ընթացքում եւս բուքն առանձին հատվածներում դժվարանցանելի վիճակ է առաջացրել: Այսօր առավոտվանից սկսել ենք ճանապարհի մշակման եւ մաքրման աշխատանքները:

Մոտ 3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ եւ մոտ կես մետր բարձրությամբ ձյան շերտը նեղացրել է ճանապարհի առանձին հատվածներ, որոնք լայնացնելու համար գործի են դրվել համապատասխան տեխնիկական միջոցներ: Ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար սահմանված է շուրջօրյա հերթապահություն»,-ներկայացրեց Աղասի Ղուկասյանը:


© 2009 ARMENPRESS.am