Դահուկավազքի Հայաստանի առաջնությունն անցկացվում է Աշոցքում

14:43, 13 Հունվար, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի փոխարեն ձյան շերտի ու հարմարավետ վազքուղու շնորհիվ դահուկավազքի Հայաստանի առաջնությունն անցկացվում է Աշոցքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչությունից, միջոցառումը ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ծրագրում և շնորհում է օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշային միավորներ: Առաջնությանը, բացի Հայաստանի թիմերից, մասնակցելու են նաև դահուկորդներ Իրանից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Չիլիից:

Դիրքի, տեղանքի ու պայմանների շնորհիվ Աշոցքի դահուկուղին միջազգային չափորոշիչներին համապատասխան և դահուկային սպորտի ֆեդերացիայում գրանցված դահուկուղի է ինչն էլ հնարավորություն տվեց մրցաշարն այս տարի անցկացնել Աշոցքում: Միջոցառման ծրագրում են կանանց 5 կմ, ազատ և դասական ոճեր, տղամարդկանց 10 կմ, ազատ ոճ և դասական ոճեր, սպրինտ՝ տղամարդիկ և կանայք, եզրափակիչ փուլից բացի տեղի կունենա նաև որակավորման փուլ:


© 2009 ARMENPRESS.am