Դեսպան Սադոյանը նախարար Սերգեյենկոյի հետ քննարկել է առողջապահության բնագավառում հայ-վրացական համագործակցությունը

20:24, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հունվարի 12-ին հանդիպել է Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեյենկոյի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նախարար Սերգեենկոն, ընդգծելով հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշեց, որ առողջապահության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը ևս երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն է հանդիսանում։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Խոսելով բժշկական ապահովագրության մասին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ 2017թ. Վրաստան է այցելել 1․7 միլիոնից ավելի ՀՀ քաղաքացի, որոնց մի մասը Վրաստանում եղած ժամանակահատվածում ունեցել է առաջին բուժօգնության կարիք: Այդ առումով անհրաժեշտ է համապատասխան աշխատանքներ կատարել, որպեսզի այդ հարցը համակարգային լուծում ստանա և ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով օգտվեն անհրաժեշտ բուժօգնությունից, ու նույն հնարավորությունները ստեղծվեն նաև Վրաստանի քաղաքացիների համար Հայաստանում։ Կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում աշխատանքներ կատարել այդ ուղղությամբ։

Հանդիպմանը դեսպան Սադոյանն անդրադարձավ նաև Հայաստանի առողջարարական զբոսաշրջության հնարավորություններին՝ նախարարին տեղեկացնելով, որ Հայաստանը մշտապես պատրաստ է իր հարկի տակ ընդունել բարեկամ վրացի զբոսաշարջիկներին»։

 


© 2009 ARMENPRESS.am