Ադրբեջանում ուսուցչի վրա կրակել են դպրոցում «խաղաղության» կոչեր հնչեցնելու պատճառով

15:53, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի թիվ 220 դպրոց մտնելով՝ մի խումբ երիտասարդներ կրակել են դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռոշան Ազիզովի վրա, ով հանդես է եկել Հայաստանի հետ «խաղաղություն» հաստատելու կոչերով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է eurasianet.org-ը:

Ռոշան Ազիզովը պնդում է, որ դպրոց ներխուժած երիտասարդները կրակելուց բացի նաև նվաստացրել են իրեն:

«Նրանք ինձ ստորացրեցին իմ աշակերտների առջև: Ինձ հայ լրտես անվանեցին: Նրանց կարծիքով, ես Ադրբեջան եմ եկել հայերի հրամանով Ադրբեջանը քանդելու համար: Ես այդ ամենով ցանկացել եմ ցույց տալ միայն, որ խաղաղությունը և կոնֆլիկտն առանց միմյանց սպանելու լուծելն էլ է  հնարավոր»,- նշել է Ռոշան Ազիզովը:

Դեպքը տեղի է ունցել 2017թ. դեկտեմբերի 28-ին: Ռոշան Ազիզովի վրա կրակելու դեպքին արձագանքելով Բաքվի թիվ 220 դպրոցի տնօրինությունը նշել է, որ դա չի կատարվել ուսուցչի հայամետ հայտարարությունների համար, այլ արվել է դասավանդման դասական մեթոդներից շեղվելու պատճառով:

 Միջադեպից հետո էլ Ռոշան Ազիզովը շարունակում է սոցցանցերում գրառումներ կատարել և «խաղաղության» կոչեր անել:

Ռոշան Ազիզովը նաև տեսանյութ է հրապարակել, որում նրա աշակերտները բեմադրում են հայերի և ադրբեջանցիների կոնֆլիկտը:

Ռոշան Ազիզովի պնդումներն այն մասին, որ իր վրա կրակել են հայամետ հայտարարություններ անելու համար, իրականությանը չեն համապատասխանում: Նրա կողմից հրապարակված տեսանյութը այդքան էլ չի արտացոլում Ռոշան Ազիզովի հայտարարությունը, քանի որ տեսանյությում հնչում են նաև խիստ ագրեսիվ կոչեր, որոնք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր են:


© 2009 ARMENPRESS.am