Եթե գործարքը կայանա, ապա կշահեն երկու կողմերն էլ. Լինեկերը անդրադարձել է Մխիթարյան-Սանչես հավանական փոխանակությանը

19:30, 11 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC-ի և BT Sport-ի ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերն անդրադարձել է  Մխիթարյան-Սանչես հավանական տեղափոխության մասին խոսակցություններին:

«Իրադարձությունների հետաքրքիր շրջադարձ է տեղի ունենում: Յունայթեդը ցանկանում է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին և լոնդոնցիներին է առաջարկում Հենրիխ Մխիթարյանին: Եթե այս գործարքը կայանա, ապա կշահեն երկու կողմերն էլ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Լինեկերը:

Նրա խոսքով, «Յունայթեդը» կստանա թոփ մակարդակի ֆուտբոլիստի և միաժամանակ թույլ չի տա «Մանչեսթեր Սիթի»-ին ուժեղացնել կազմը, քանի որ վերջինս ևս հետաքրքրված է չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով: «Արսենալն» էլ իր հերթին կստանա հիանալի ֆուտբոլիստի և թույլ կտա հեռանալ Սանչեսին, որը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը»,- ասել է Լինեկերը:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Մխիթարյանին Սանչեսի հետ փոխանակելու առաջարկը լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ներկայացրել է «մանկունիանցիների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

 


© 2009 ARMENPRESS.am