Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նորանշանակ դեսպանը
18:00, 10 Հունվար, 2018Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նա առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները, հիմնված լինելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, տարեցտարի խորանում և ամրապնդվում են: Նախագահի համոզմամբ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնց բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխվստահությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Լիբանանի իշխանություններին և ժողովրդին՝ լիբանանահայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, ինչը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանելու իրենց ինքնությունը, այլ նաև զարգանալու և ակտիվորեն մասնակցելու երկրի սոցիալ-տնտեսական կյանքին:© 2009 ARMENPRESS.am