Ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը մեծացել է

15:56, 29 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից հեղինակներ Գուրգեն Խանջյանի, Հովհաննես Երանյանի և այլոց գրքերը տարվա ընթացքում բավականին լավ են վաճառվել: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

«Եթե տարիներ առաջ ամենավաճառված գրքերի ցանկը կազմելիս հայ ժամանակակից գրականությունը նկատելիորեն զիջում էր, ապա վերջին տարիներին մենք դրական տեղաշարժ ենք նկատել: Մասնավորապես, Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպն այս տարի ավելի լավ ցուցանիշ ունի, քան արտասահմանյան մի շարք  գրքեր: Վեց ամսվա ընթացքում այն վաճառվել է 306 օրինակով: Այն նաև պետական մրցանակի է արժանացել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նիկողոսյանը:

Նրա խոսքով` Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան»  գիրքը նոր է լույս տեսել, բայց հարյուրից ավելի օրինակ վաճառվել է: Գրիգի «Հիսուսի կատուն» երկրորդ անգամ է հրատարակվել և շարունակում է հետաքրքրել ընթերցասերներին:  Երիտասարդ գրող Արամ Ավետիսն իր սեփական նախաձեռնությամբ հրատարակել է «Կույր կետադրություն»  գիրքը, որն արագ է սպառվել:

Անդրադառնալով արտասահմանյան գրականությանը` խմբագիրն ասաց, որ «Անտարես»-ը ունի  «Օտար գիր» մատենաշարը, որտեղ 18 լեզվից հրատարակված գրքեր կան: «Այդ գրքերի տասնյակից հինգը Պաուլու Կոելյուի գործերն են: Նրա «Ալքիմիկոսը» և Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գլխավորում են մեր ամենավաճառված գրքերի ցանկը»,-նշեց նա:

Նիկողոսյանը շեշտեց, որ «Անտարես»-ն աշխատում է շաբաթվա ընթացքում առնվազն մեկ գիրք հրատարակել: Այս տարի հարյուրից ավելի գիրք է լույս տեսել: «Հպարտանում եմ, որ մենք միակ հրատարակչությունն ենք Հայաստանում, որը ամենից շատ է տպագրում ժամանակակից հայ գրողներին բացառապես իր միջոցներով, իր նախաձեռնությամբ, առանց պետական աջակցության և այլ ֆինանսավորման»,-եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը:


© 2009 ARMENPRESS.am