Սեւանում ընտրվել են տարվա 10 լավագույն մարզիկները

14:37, 28 Դեկտեմբեր, 2017

ԳԱՎԱՌ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում ամփոփվել է աշխատանքային հերթական տարին, որի ընթացքում ի մի են բերվել գրանցված արդյունքներն ու ձեռքբերումները, ընտրվել տարվա 10 լավագույն մարզիկները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, տարվա ընթացքում, ի թիվս մի շարք ձեռքբերումների, 10 լավագույն մարզիկների ընտրության առանցքում է եղել հանրապետական եւ միջազգային մրցումներին եւ առաջնություններին սեւանցի մարզիկների մասնակցությունը:

«Մարզադպրոցի սաները ոչ միայն մասնակցել են տարբեր մրցումների, այլ նաեւ տուն են վերադարձել մրցանակային տեղեր գրաված, ինչը մարզչական նպատակաուղղված աշխատանքի, դպրոցի տնօրինության ջանադիր գործունեության վավերագիրն է: Մարզադպրոցի մասնագիտական խորհուրդը, ամփոփելով անցնող տարին, «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգում հաղթողներ է ճանաչել 10 մարզիկների՝ թաեքվոնդոիստներ Էդվարդ Միրզոյանին եւ Դավիթ Թորոսյանին, կանոէ մարզաձեւի ներկայացուցիչներ Նորիկ Մարգարյանին, Դավիթ Մարաբյանին եւ Վահե Դավթյանին, ուժային եռամարտիկներ Կարեն Առաքելյանին եւ Վարազդատ Հակոբյանին, ծանրամարտիկ Կարեն Խաչատրյանին, առագաստանավորդներ Գուրգեն Խաչատրյանին եւ Հովսեփ Թադեւոսյանին: Տարվա լավագույն մարզիչներ են ճանաչվել առագաստանավային սպորտի մարզիչ Հայկ Սուքիասյանը, թաեքվոնդոյի մարզիչ Խաչիկ Թորոսյանը, թիավարության մարզիչ Վարուժան Հակոբյանը, ծանրամարտի եւ ուժային եռամարտի մարզիչ Գառնիկ Աբրահամյանը եւ բռնցքամարտի մարզիչ Հովիկ Վարդանյանը»,-նշեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը:
Մարզիկների եւ մարզիչների մեծարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում, որի ընթացքում պարգեւատրվեցին տարվա 10 լավագույն մարզիկները, 5 լավագույն մարզիչները, վետերան մարզիչները, ֆիզկուլտուրայի լավագույն ուսուցիչները, հաշմանդամություն ունեցող մարզական առաջնությունների մասնակիցները: Ներկաներին ողջունեց եւ պարգեւները հանձնեց Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Պարգեւատրման արարողակարգն ուղեկցվեց մարզադպրոցի տարբեր խմբերի սաների ցուցադրական ելույթներով: Տարեվերջյան հանդիսությանը հնչեղություն հաղորդեց ծանրամարտիկ Վարազդատ Հակոբյանը, ով «Դյուցազնագրքի» ռեկորդ սահմանեց` պոկելով 240 կիլոգրամանոց ծանրաձողը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am