Խնկո-Ապոր գրադարանը արգասաբեր տարի է ունեցել
12:30, 28 Դեկտեմբեր, 2017Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ:
«Այս տարին բավականին հաջող էր, այցելուների պակաս բնավ չկար: Անդրադարձել ենք մանկագիրների հոբելյաններին, անցկացվել են տարբեր հանդիպումներ գրողների և երեխաների միջև, հեքիաթապատումներ»,-նշեց տնօրենը:
Նա կարևորեց նաև «Կարդում են համալսարանականները» խորագրով ծրագիրը, որի շրջանակում երեխաների համար հեքիաթներ են ընթերցել «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և այլք:
Այս տարի գրադարանում առաջին անգամ կազմակերպվել է նաև ամառային դպրոց:
«Երեխաները օրվա մեծ մասը գրադարանում էին անցկացնում, բավականին հագեցած ու հետաքրքիր օր էր իրենց համար, մասնակցում էին տարբեր վարպետության դասերի, ստեղծագործական մրցույթների, այցելում մշակութային կենտրոններ և այլն»,-պատմեց Տոնոյանը:
Գրադարանում գործում են չինական և պարսկական անկյուններ: Ժամանակ առ ժամանակ այդ սրահներում անդրադառնում են այդ երկրների մշակույթին:
Գալիք տարին գրադարանի համար հոբելյանական է: Այն կտոնի իր 85-ամյակը: Այդ կապակցությամբ գեղեցիկ և հիշարժան միջոցառումներ կանցկացվեն:
© 2009 ARMENPRESS.am