Իսպանիայի իշխանություններն ահաբեկչության դեմ պայքարի նոր մեթոդ են մշակել

18:39, 27 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իշխանություններն ահաբեկչության դեմ պայքարի նոր քայլեր են մշակել, որը ներկայացրել է երկրի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Սոիդոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

 «Ընթացիկ տարվա սկզբից Իսպանիայի իրավապահ մարմինները երկրի ներսում և նրա սահմաններից դուրս ձերբակալել են 77 մարդու, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեջ: 2015թ. կեսերից, երբ Իսպանիայում մտցվել է ահաբեկչական սպառնալիքի 4-րդ մակարդակ, ձերբակալվել է 218 մարդ»,- հիշեցրել է Իսպանիայի ներքին գործերի նախարարը հակաահաբեկչական նոր փաստաթուղթը ստորագրած քաղաքական ուժերի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում նախարարը տեղեկություններ է հայտնել Բարսելոնայում և Կամբրիլսեում օգոստոսին իրականացված ահաբեկչությունների, ինչպես նաև դրանցից հետո ձեռնարկված քայլերի մասին: Նրա խոսքով` նման ողբերգությունները կանխելու ուղղությամբ պետք է աշխատանքի երկու ուղղություն լինի: «Առաջին` անհրաժեշտ է բնակչությանը տեղեկացնել քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է իրականացնել սպառնալիքի կամ ահաբեկչության դեպքում, երկրորդ` անհրաժեշտ է ձեռնարկել քաղաքական և իրավական գործողություններ: Մասնավորապես, կարևոր է օրենք ընդունել, որն իրավական հիմքեր կստեղծի համաեվրոպական ավիաընկերությունների ուղևորների մասին տվյալների փոխանակում իրականացնելու մասին համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Համաձայնագիրն այս տարի ուժի մեջ է մտել, որոշում է ընդունվել ստեղծել համաեվրոպական ռեգիստր, որը ֆիքսելու է Եվրոպական Միություն մտնող անձանց դեմքերը»,- ասել է Սոիդոն:


 


© 2009 ARMENPRESS.am