Լարսին այլընտրանք գտնելու Հայաստանի վճռականությունը Ադրբեջանի համար լուրջ մարտահրավեր է պարունակում. քաղաքագետ

12:29, 25 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վճռականությունը՝ այլընտրանք գտնել Վերին Լարսին, Ադրբեջանի համար լուրջ մարտահրավերներ է պարունակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով անցնող տարին, այս մասին ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը՝ հավելելով, որ նման միջանցքների բացումը բավական լուրջ հարված է հասցնում շրջափակման քաղաքականությանը` այն որոշակիորեն անարդյունավետ դարձնելով: «Ադրբեջանն արդեն սկսել է վրաց պատգամավորների շրջանում շատ լուրջ լոբբինգ իրականացնել: Դա են վկայում պատգամավորների կողմից հնչող հայտարարությունները: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Բաքուն արդեն անցել է գործի»,-ասաց նա: Նարեկ Մինասյանի խոսքով` Վերին Լարսին այլընտրանքային ուղիների խնդիրը մշտապես եղել է հայ-վրացական օրակարգում, եւ Նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան երկօրյա պաշտոնական այցը շատ կարեւոր է նաև այս առումով:

«Դեռեւս տարեսկզբին Վրաստան կատարած այցի ժամանակ Կարեն Կարապետյանը նշեց, որ այլընտրանքային ուղիներ լինելու են, իսկ դա վկայում է այն մասին, որ գործընթացում թեկուզ փակ ձևաչափերով, բայց որոշակի ներգրավվածություն է ունեցել նաեւ հայկական կողմը»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ նախագահի այցը կարող է բավական դրական անդրադառնալ Հայաստանի կողմից տվյալ այլընտրանքային միջոցների օգտագործման տեսանկյունից»,-ասաց նա: Մինասյանն ընդգծեց, որ Լարսի այլընտրանքի խնդրին լուծում տալու համար իր քայլը պետք է անի Ռուսաստանը, եւ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները, հավանական է, որ հարցը կարող է ներառվել նաեւ հայ-ռուսական օրակարգում:


© 2009 ARMENPRESS.am