Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին
19:28, 18 Դեկտեմբեր, 2017Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանում ավանդաբար անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը լայն հասարակությանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին պարբերաբար իրազեկելու տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն և շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը խնդրել է իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին նրա պաշտոնավարման ժամկետի երկարաձգման առթիվ:
Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները՝ 2011 թվականին, երբ Ռոուզ Գոթեմյոլերը ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր և դրանից հետո՝ ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ:© 2009 ARMENPRESS.am