«Ալաշկերտ»-ը և բրազիլական «Բոտաֆոգո»-ն համաձայնության են եկել

23:29, 16 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյում կայացավ «Ալաշկերտի» և բրազիլական հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության միջև հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը նախ ծանոթացան բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին, ապա հանդիպեցին «Բոտաֆոգոյի» նախագահ Նելսոն Մուֆարեյի և փոխնախագահ Գուստավո Ջուրդիկոյի հետ:

Հանդիպման ընթացքում երկու ակումբների ղեկավարները մանրամասն քննարկեցին համագործակցության կետերը և համաձայնության եկան համատեղ ծրագրերի շուրջ: Մանրամասների մասին կտեղեկացնենք «Ալաշկերտի» ղեկավարության վերադարձից հետո:

Հավանական է, որ հունվարի 15-ից «Ալաշկերտը» 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի «Բոտաֆոգոյի» մարզաբազայում, որի ընթացքում մեր թիմին կմիանան բրազիլացի ֆուտբոլիստներ:

Վաղը` դեկտեմբերի 17-ին նախատեսված է հանդիպում մեկ այլ բրազիլական հանրահայտ ակումբի` «Ֆլումինենսեյի» ղեկավարության հետ, որի ընթացքում կքննարկվի «Ալաշկերտի» և «Ֆլումինենսեյի» միջև հնարավոր համագործակցությունը:

 

 


© 2009 ARMENPRESS.am