Հետազոտողները բացահայտել են սոցցանցերի երջանիկ օգտագործման գաղտնիքը

17:22, 16 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆեյսբուքի հետազոտողներ Դեվիդ Գինզբերգը և Մոյրա Բուրկեն ընդունել են, որ սոցիալական ցանցում լրահոսին անընդհատ հետևելը բացասաբար է անդրադառնում օգտատերերի հոգեկան առողջության վրա:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lenta.ru-ն, վերլուծության արդյունքները հրապարակված են «Դժվար հարց. կարո՞ղ է արդյոք ժամանակը, որն անցկացվել է սոցցանցում, մեզ վնաս պատճառել» աշխատությունում:   

Միչիգանի համալսարանի ուսանողների շրջանում հատուկ փորձարկում է իրականացվել: Մի մասին խնդրել են 10 րոպեի ընթացքում կարդալ լրահոսը, իսկ մյուսներին նոր գրառումներ անել և ընկերների հետ զրուցել: Առաջին խմբի ուսանողների տրամադրությունն օրվա վերջում արդեն ավելի վատ էր, քան երկրորդ խմբի մասնակիցների մոտ:

Ֆեյսբուքի հետազոտողները եզրահանգում են առաջ քաշել, որ այլ մարդկանց մասին կարդալը կարող է բացասական սոցիալական համեմատությունների հանգեցնել:

Միևնույն ժամանակ Ֆեյսբուքը կոչ է անում ավելի շատ ժամանակ անցկացնել սոցցանցում: Կայքում հաճելի ժամանակ անցկացնելու համար, խորհուրդ է տրվում ավելի շատ շփվել ընկերների հետ և որոշ խմբերում հաղորդագրություններով փոխանակվել:


© 2009 ARMENPRESS.am