Վարդենիկ գյուղի լուսավորվածության ցանցն ընդարձակվել եւ հասել է 90 տոկոսի

20:51, 15 Դեկտեմբեր, 2017

ԳԱՎԱՌ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում այս տարի իրականացված աշխատանքների արդյունքում ընդարձակվել է գիշերային լուսավորվածության ցանցը՝ հասնելով մոտ 90 տոկոսի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, այս տարի տեղական բյուջեի միջոցներից գյուղի լուսավորվածության ցանցի ընդարձակման վրա ծախսվել է 3 միլիոն 500 հազար դրամ, որի շնորհիվ լուսավորվածության ցանց է կառուցվել երկրորդական նշանակության 5 փողոցներում՝ 2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ:«Կառուցվել է 2 կիլոմետր երկարության ցանց՝ 50 լուսատուներով, հիմնականում այն փողոցներում, որտեղ ընդհանրապես գիշերային լուսավորություն չի եղել:

Վերջին տարիներին իրականացված աշխատանքների շնորհիվ այժմ արդեն ունենք մոտ 90 տոկոս գիշերային լուսավորության ցանց: Մնացած 10 տոկոսը կկառուցվի եկող տարվա ընթացքում, որի համար նախատեսել ենք համապատասխան միջոցներ»,-ներկայացրեց Հովիկ Հովեյանը:


© 2009 ARMENPRESS.am