Արցախի նախագահն ընդունել է Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը

13:09, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Լեւոն Ալթունյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Մայր Հայաստանի գործուն մասնակցությամբ Արցախի առողջապահության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, ընդգծելով, որ ակնկալում է սերտ փոխգործակցության շարունակական ամրապնդում նաեւ ապագայում:


© 2009 ARMENPRESS.am