Խորհրդարանական վերահսկողությունը չի նշանակում միջամտություն ԶՈՒ օպերատիվ գործունեությանը. պատգամավոր

12:08, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը ամենևին չի ենթադրում միջամտություն զինված ուժերի օպերատիվ գործունեությանը:

Ազգային ժողովում «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին:

Պատգամավորն ընդգծեց, որ ինքը դա անընդունելի է համարում: «Բայց մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ վստահության և գործընկերության հենքի վրա խորհրդարանի և զինված ուժերի փոխգործակցության կառուցումը շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք միմյանց ճիշտ հասկանալ՝ որն է խորհրդարանական վերահսկողության առարկան և նպատակը, ինչ միջոցներ և մեթոդներ են կիրառվում այդ վերահսկողության իրականացման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Նա կարծիք հայտնեց, որ զինված ուժերը և դրանց կառավարման համակարգը ինքը պետք է պատրաստ լինի վերահսկողության տակ լինել: Նրա խոսքով՝ արտաքին վերահսկողությունը բխում է զինված ուժերի կառավարման մարմինների շահերից, որովհետև արտաքին վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառումը բերելու է նրան, որ կայացվելու են առավել ճշգրիտ որոշումներ զինված ուժերի կառավարման ընթացքում:

Կորյուն Նահապետյանն այս իմաստով կարևորում է զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը, ինչը բխում է մեր հասարակության, պետական կառավարման ողջ համակարգի շահերից:


© 2009 ARMENPRESS.am