ՀՀ ԱԻ նախարարը DCAF-ի պաշտոնյայի հետ քննարկել է ԱԻ իրավիճակներում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման գործում համագործակցությունը

19:25, 14 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Անվտանգության զարգացման և օրենքի գերակայության Ժնևի կենտրոնի (DCAF) տնօրենի օգնական Ֆիլիպ Ֆլուրիին, ով պատասխանատու է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության ուղիները աղետների ռիսկի նվազեցման, աղետների կառավարման գործընթացում և արտակարգ իրավիճակներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և չեզոքացման, բնակչության պաշտպանվածության և պատրաստվածության գործում:

Անդրադառնալով Հայաստանի հանրապետությունում սպասվող կառավարման ձևի անցմանը դեպի խորհրդարանական՝ ԱԻ նախարարն ընդգծեց, որ խորհրդարանի դերը աղետների ռիսկի նվազեցման գործընթացում աճում է, և Ժնևի կենտրոնի փորձագիտական աջակցությունն այս ոլորտում կարող է շատ օգտակար լինել, ինչպես նաև՝ քննարկվեց աղետների ռիսկի նվազեցման ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը աջակցելու հնարավորությունը:

Կողմերը քննարկեցին նաև երկրի համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրները՝ հատկապես ԱՌՆ-ի բաղադրիչի ներառումը համայնքային բյուջետային ծրագրերում:

Համագործակցության շահառուների դաշտն ընդլայնելու նպատակով կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռքբերեցին համատեղ աշխատանքի գործընթացում ներառել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, որի միջոցով կապահովվի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների մասնակցությունը»։


© 2009 ARMENPRESS.am