Արթուր Օսիկյանը հանդիպել է «IRZ» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին

16:31, 14 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում աշխատանքային հանդիպում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի և «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի ու նույն հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի միջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Ա. Օսիկյանը կարևորեց հանդիպման նշանակությունը` շեշտելով կազմակերպության հետ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձագիտական խորհրդատվությունների, առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների զարգացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ազատազրկված անձանց կենսապայմանների որակի բարելավման և դրա հետ կապված` հասարակական ընկալման փոփոխության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ օրախնդիր հարցեր:

Այցի ավարտին Թերեզա Թալհամերը գոհունակություն հայտնեց հանդիպման համար և կարևորեց այն փաստը, որ կարճ ժամանակամիջոցում համագործակցությունը շոշափելի արդյունքներ է արձանագրել:

Վերջում կողմերի միջև համագործակցությունը, այդ թվում նաև թիրախային քրեակատարողական հիմնարկների ներգրավմամբ, շարունակական դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:


© 2009 ARMENPRESS.am