Կանադացի պատգամավորը դատապարտել է Արցախի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունները

13:45, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանի պատգամավոր Թոնի Քլեմենթը հորդորել է երկրի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ բռնությունների գործադրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պատգամավորը խոսել է դեկտեմբերի 11-ին ունեցած ելույթի ժամանակ:

Մարդու իրավունքների համաշխարհային օրվան նվիրված իր ելույթում պատգամավորն ընդգծել է, որ թեպետ մարդու իրավունքների խախտումների շատ օրինակներ կան, որոնց մասին կարելի է բարձրաձայնել, սակայն նա ցանկանում է այս պահին շեշտել Արցախի Հանրապետությունում կամ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ոտնձգությունների հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների մասին: «Ես ամռանն այցելել էի այդ տարածաշրջան One Free World International կազմակերպության հետ և անձամբ եմ ուսումնասիրել տեղի հակամարտությունը, մարդու իրավունքների սարսափելի խախտումները, որոնցից տուժում են մարդիկ, ում միակ ցանկությունը խաղաղության մեջ ապրելն է: Մենք հանդիպեցինք մայրերի հետ, ովքեր հակամարտությունում կորցրել են իրենց որդիներին: Ես ականատեսն եմ եղել անմեկնելի սարսափների»,- նշել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ իր միակ ցանկությունը Արցախը խաղաղ ու բարգավաճող տեսնելն է, որտեղ մարդիկ կարող են կողք կողքի ապրել հարևանների, այդ թվում և Ադրբեջանի հետ:

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվում է ԵԱՀԿ-ն, որի անդամ է նաև Կանադան: «Ես հորդորում եմ Կանադայի կառավարությանը դատապարտել տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումները և աշխատել ԵԱՀԿ-ի հետ՝ կանխելու հակամարտության հետագա սրացումները»,- ասել է Թոնի Քլեմենթը:


© 2009 ARMENPRESS.am