ՃՇՀԱՀ-ը շահել է ակադեմիական համագործակցության դրամաշնորհ

11:44, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության որակի բարձրացման շարունակականության ապահովման գործում ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) առանձնակի կարևորում է ներդրումային ծրագրերի իրականացումը:

ՃՇՀԱՀ-ն  և Նորվեգիայի Թագավորության Արկտիկական համալսարանը շահել են ակադեմիական համագործակցության դրամաշնորհ՝ Կրթության միջազգային համագործակցության նորվեգական կենտրոնի «Եվրասիա» ծրագրի շրջանակներում: «Էներգախնայողություն և կայուն շինարարություն» ծրագիրն իրականացվելու է 2018-2019թթ.,  ինչի արդյունքում  համալսարանում ձևավորվելու է նոր մագիստրոսական ուսումնական ծրագիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:

«Էներգախնայողություն և կայուն շինարարություն»  ծրագիրը ֆինանսավորվում է Կրթության միջազգային համագործակցության նորվեգական կենտրոնի կողմից: Մագիստրոսական այս նոր ծրագիրը հնարավորություն կտա շրջանավարտներին պահանջված լինել աշխատաշուկայում:

Ծրագրի իրականացման, ինչպես նաև եռամյա համագործակցության նոր ծրագրի մշակման վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով ՃՇՀԱՀ էին ժամանել Նորվեգիայի Թագավորության Արկտիկական համալսարանի պրոֆեսորներ Մուստաֆա Մոհամադը և Շու Յիժոնգը:    

«Ես և իմ գործընկերը՝ Շու Յիժոնգը, շատ տպավորված ենք ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կահավորված լաբորատորիաներով, նրանց տեխնիկական հագեցվածությամբ և կադրերի պատրաստվածությամբ: Ուրախ կլինենք, որ մեր այս համագործակցության արդյունքում իրականացվի փորձի փոխանակում ինչպես մեր, այնպես էլ ձեր ուսանողների, դասախոսների միջև: Մեր այցի ընթացքում առաջացան համագործակցության նոր ծրագրեր, մտքեր, որոնք կարելի է հետագայում իրականացնել: Առանձնապես կարևորում եմ համատեղ կրկնակի դիպլոմների տրամադրումը»,- ՃՇՀԱՀ այցի ընթացքում ասաց Նորվեգիայի Թագավորության Արկտիկական համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Մոհամադը:

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես եռամյա, այնպես էլ երկարատև համագործակցության նոր ծրագրերի մշակման հնարավորություններ:


© 2009 ARMENPRESS.am