Հայաստանի ՔԿՀ պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցում է ԳՐԵԿՈ-ի նիստին

11:39, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հերթական 78-րդ լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 4-րդ փուլի գնահատման համապատասխանության զեկույցի քննարկմանը մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պաշտոնական մեկնաբանություններն ու առաջարկությունները ներկայացնելու նպատակով դեկտեմբերի 4-8-ը Ստրասբուրգ է գործուղղվել ՀՀ-ում ԳՐԵԿՈ-ի պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար, քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Լիագումար նիստում ընդունվել է ՀՀ վերաբերյալ գնահատման 4-րդ փուլի համապատասխանության զեկույցը, որով ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքները, մասնավորապես՝ Սահմանադրական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ մի շարք օրենքների ընդունումը և այլն: Միաժամանակ ԳՐԵԿՈ-ն կոչ է արել շարունակել ջանքերը բարեփոխումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am