Աճում է քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցությունն իրավական ակտերի մշակման գործընթացում

10:15, 11 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.amի, մշտական գրանցված օգտատերերի թիվը գործարկման օրվանից առ այսօր՝ մոտ տասն ամիսների ընթացքում, հասել է շուրջ 9 հազարի, իսկ պետական մարմինների կողմից կայքում տեղադրված նախագծերի թիվը գերազանցում է 560-ը: Ամենաշատ նախագծեր տեղադրած պետական մարմիններից առաջին եռյակում են ՀՀ ֆինանսների, Արդարադատության և Բնապահպանության նախարարությունները: Յուրաքանչյուր օր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միաասնական կայք է այցելում ավելի քան 1200 անձԱյս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կայքի միջոցով ապահովվում է ինչպես պետական մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը՝ իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին:

www.e-draft.amը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ծանոթանալ տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Նման հնարավորության ստեղծումը ապահովում է հանրության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին, այդ թվում՝ հանրային քննարկման մասնակցության միջոցով ունենում է անմիջական ազդեցություն պետության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության ձևավորման հարցում:

Արդարադատության նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիական հասարակության և բիզնես հատվածի ներկայացուցիչներին ակտիվություն ցուցաբերել ու մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:


© 2009 ARMENPRESS.am