Ադրբեջանը շփման գծում կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ

12:36, 9 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


© 2009 ARMENPRESS.am