Կարեն Կարապետյանի մոտ Վանաձորի զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել

11:20, 8 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի օրինակով Վանաձորի հետ կապված նմանատիպ ֆոնդի հիմնման հնարավորություններն ու հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծված աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել նաև Հայաստանի զարգացման հիմնադրամում կոնկրետ պատասխանատուի նշանակումը, որը կհամակարգի Վանաձորի զարգացման հայեցակարգի և «մաստեր պլան»-ի, քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման, կանաչապատման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև բրենդավորման, ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ ծրագրերի մշակման աշխատանքները: 


© 2009 ARMENPRESS.am