Կառավարությունն օժանդակում է Արարատի գինու գործարանի ներդրումային ծրագրին

20:58, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի նիստում նշեց, որ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի արտադրության մեջ։

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3,1 մլրդ  դրամի ներդրում և ստեղծել 85 աշխատատեղ՝ 195 000 - 205 000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները կկազմեն մոտ 10 մլրդ դրամ, որից մոտ 100 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 9,7 մլրդ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 100 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը։


© 2009 ARMENPRESS.am