Գյումրեցի երեխաները միացան աշխարհի ավելի քան 180 երկրում հայտարարված «Ծրագրավորման ժամ»-ին

19:45, 7 Դեկտեմբեր, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, ընդլայնելով «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառման աշխարհագրությունը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ արդեն երկրորդ տարին այն անցկացնում է նաև Գյումրի քաղաքում: Դեկտեմբերի 7-ին միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած գյումրեցի փոքրիկները միացան աշխարհի ավելի քան 180 երկրում հայտարարված «Ծրագրավորման ժամ»-ին:

Այս տարի նախաձեռնությանը միացել է մոտ 60 երեխա: Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում և նպատակ ունի ավագ դպրոցի աշակերտներին և քոլեջներում սովորող ուսանողներին ծանոթացնել ծրագրավորման տարբեր լեզուների հետ և ինչ-որ չափով ուղղորդել հետագա մասնագիտական կողմնորոշման համար։

«Արդեն երկրորդ տարին է «Ծրագրավորման ժամ»-ն անցկացվում է Գյումրիում, իսկ դա հատկապես դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի անց, շատ խորհրդանշական է, այն զարթոնքի ու նոր սերնդի՝ ապագան հայրենի քաղաքում կերտելու հնարավորության մասին է խոսում: Գյումրիում տեխնոլոգիական ոլորտը ծաղկում է ապրում, եւ օրեցօր ավելի շատ պատանիներ ու երիտասարդներ են իրենց կյանքը կապում այս ոլորտի հետ: Նմանատիպ զարգացումը պայմանավորված է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության և լավագույն ձեռքբերումների հետ», – նշում է ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը:

Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: «Ծրագրավորման հանդեպ հետաքրքրությունը պետք է զարգացնել հնարավորինս վաղ տարիքից և նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու և հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար»,- նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:


© 2009 ARMENPRESS.am