Լևոն Մկրտչյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին

18:26, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ողջունելով հյուրին՝  նախարարը բարձր է գնահատել Human Rights Watch-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն  շարունակական բնույթ կկրի:  Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նախարարության  կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացմանը:

Այս համատեքստում անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ժամանակացույցին, նշվել, որ արդեն Տավուշում, Լոռիում և Սյունիքում մեկնարկել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրը: Այժմ քննարկվում է Արմավիրի մարզի և Երևանի անցման խնդիրը:

Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ ներկայումս ոլորտային նախարարությունների հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում մարզերում գործող հատուկ դպրոցները մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների վերածելու ուղղությամբ:

Ջեյն Բյուքենընին շնորհակալություն է հայտնել Լևոն Մկրտչյանին ընդունելության համար, ընդգծել, որ նախարարության հետ կառուցողական աշխատանք է ծավալվում, ինչն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, ներառական կրթության խթանմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք  հարցեր:


© 2009 ARMENPRESS.am