Կառավարությունը հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի միջոցառումներին

17:58, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի հիմնավորման, հանքարդյունաբերության ոլորտը հանդիսա­նալով ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը, դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի մշակման համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները և բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը: 

Ներկայացված որոշման նախագծով կկարգավորվեն ռազմավարության մշակման համար անհրաժեշտ ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման հստակ ժամկետները:


© 2009 ARMENPRESS.am