Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել 2018-ին նախատեսվող և նոր մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները

17:57, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական միջոցառումները և գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ 2017 թվականի ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ևս ակնկալվում է 2018 թվականին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ելնելով վերոնշյալից՝  Կարեն Կարապետյանը Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի, ըստ ոլորտի՝ գործունեության միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները՝ նշելով կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերը։

Վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների,  Գյուղատնտեսության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Առողջապահության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Բնապահպանության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց և Հայաստանի Զարգացման հիմնադրամի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեններին առաջարկեց ամփոփել 2018 թվականին նախատեսվող և նոր մշակված ներդրումների և ներդրումային ծրագրերի նյութերը, արձանագրելով դրանց իրատեսական ծավալները, կատարման ժամկետները, ակնկալվող նոր աշխատատեղերի թվերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։

 


© 2009 ARMENPRESS.am