Զբոսաշրջության պետական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մասին նոր հոլովակը

17:43, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մասին նկարահանված նոր հոլովակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գունեղ ու դինամիկ հոլովակը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  «Չքնաղ բնություն, խորհրդավոր վանքեր, ջրվեժներ, քարանձավներ ու անկրկնելի տեսարաններ: Հոլովակը մեր հայրենիքով շրջող զբոսաշրջիկի աչքերով ներկայացնում է հնամենի մի երկիր՝ հարուստ մշակույթով ու պատմությամբ և այդ մասին պատմող լուռ, սակայն խոսուն վկաներով»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Ճանապարհորդության սիրահարներին տեսահոլովակը կհուշի, որ  Հայաստան  այցելելով կարելի է վայելել երկրի  դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների ստեղծած ինքնատիպ աշխատանքներ, ծանոթանալ թե՛ հին, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, տպավորվել մայրաքաղաք Երևանով, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում  և  հեռանալ տպավորված՝  կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ:

Հոլովակը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am