ԵԱՀԿ ԽՎ նախագահը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում լարվածության առնչությամբ

13:46, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտահոգիչ է համարում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարեց Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը:

«Ես հավասարապես մտահոգված եմ ԵԱՀԿ տարածքում բոլոր հակամարտությունների առկայության փաստով: Լարվածության և թշնամանքի աճը Լեռնային Ղարաբաղում լուրջ մտահոգության առիթ է»,- հայտարարել է Ծերեթելին: Նա հիշատակել է նաև ուկրաինական ու վրացական խնդիրները:

«Այս հակամարտությունների հետևանքով շատ մարդկային կյանքեր են խեղվել: Խախտվել են մարդկանց հիմնարար իրավունքները: ԵԱՀԿ-ն երբեք չպետք է նորմալ և հանդուրժող լինի նման գործողությունների նկատմամբ: Հուսով եմ, որ այս սեղանի շուրջ մենք կգտնենք քաղաքական կամք՝ առաջ մղելու մեր ջանքերը խաղաղության և վստահության կառուցման հարցում»,- ասաց ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն յուրահատուկ հարթակ է, որը ծառայում է մեր հավաքական անվտանգությանը:


© 2009 ARMENPRESS.am