«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստվում է առաջիկա երեք տարիներին կատարել 28 միլիարդ դրամի ներդրում  

12:48, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է 2018-2020-ին կատարել ավելի քան 28 միլիարդ դրամի ներդրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այն ամրագրված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ընկերության ներկայացրած 2018-2020 թթ. ներդրումային ծրագրում: Ներդրումները կուղղվեն մայրուղային նոր գազատարների կառուցմանը, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրմանը, ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների, հողատարածքների, շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի ձեռքբերմանը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի (ԳՍՊԿ)-ի ընդլայնմանը:

2018-ին նախատեսվում է 2.9, 2019-ին` 3.1, 2020-ին` 22.1 միլիարդ դրամի ներդրում, որից մայրուղային նոր գազատարների կառուցմանը 2018-ին կուղղվի 2.5, 2019-ին` 1.8, 2020-ին` 3.3 միլիարդ դրամ: Իսկ ամենախոշոր ներդրումն ընկերությունը կկատարվի 2020 թվականին Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման ուղղությամբ` մոտ 18.7 միլիարդ դրամի չափով:


© 2009 ARMENPRESS.am