Երևանի ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են մինչև լուսաբաց

11:53, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ի երեկոյան  մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և ողջ գիշեր շարունակվել են փողոցների և մայթերի, ավելի ուշ նաև դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են եղել նաև վարչական շրջանների համապատասխան ծառայությունների և համատիրությունների աշխատակիցները: Համեմատաբար ավելի առատ տեղումներ են եղել մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում:

Ձնամաքրմանը զուգահեռ իրականացվել են նաև փողոցներն աղի և ավազի խառնուրդով մշակելու աշխատանքներ՝ մերկասառույցի հնարավոր առաջացումը կանխելու նպատակով: Վերոնշյալ բոլոր աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց:

Գործընթացը տեղերում վերահսկել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ ընդհանուր աշխատանքների համակարգումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության ու հատուկ օպերատիվ շտաբի կողմից:


© 2009 ARMENPRESS.am