Արփինե Հովհաննիսյանը հորդորեց ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագծին չվերագրել դեր, որն այն չի կարող ունենալ

11:38, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պատգամավորներին կոչ է անում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին չվերագրել այնպիսի դեր, ինչպիսին այն չունի ու չի կարող ունենալ: Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորեց օրենքի նախագծին չվերագրել կարգավորիչ դեր: «Այս օրենքը որևէ պարագայում չի կարող, չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ: Չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ: Մի վերագրեք օրենքին այնպիսի դեր, որը ի սկզբանե բաժանարար գծեր է տանում: Այստեղ չկա մեր և ձեր տեսակետ: Վստահ եմ, որ այս դահլիճում գտնվող յուրաքանչյուրն առաջին պայքարողն է լինելու այն դրսևորումների դեմ, որոնց դեմ պայքարելու համար է նաև այս օրինագիծը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ չի կիսում այն տեսակետները, որոնք օրենքի նախագծի համատեքստում խոսում են հայրիշխանության կամ մայրիշխանության դեմ պայքարի մասին: «Իսկ ինչ վերաբերում է եզակի առանձնյակներին՝ հայհոյախառը, հայհոյական մշակույթը ի ցույց դնողներին, նրանց պատասխանն այլ տիրույթում է, և ես այդ տիրույթում անելիք չունեմ: Հարգելի գործընկերներ, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում կողմ քվեարկել այս նախագծին, որովհետև վստահ եմ, որ ձեզանից որևէ մեկը չի հանդուրժի այն դրսևորումները, որոնց դեմ այս օրինագիծը պայքարում է: Մեր դասական ընտանիքների հետ այս օրինագիծը որևէ անելիք չունի»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am