Կառավարությունը պատրաստ է քննարկել ընտանիքում բռնության դեմ պայքարի օրինագծի վերաբերյալ պատգամավորների առաջարկները

11:29, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը պատգամավորներին կոչ արեց մինչև երկրորդ ընթերցում առաջարկներ ներկայացնել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում եզրափակիչ ելույթ ունեցավ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: «Քննարկման ընթացքում եղան բազմաթիվ հարցադրումներ և առաջարկներ՝ կապված տարբեր դրույթների հետ: Մենք պատրաստ ենք քննարկել առաջարկները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Քոչարյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հիշեցրեց, որ օրենքի նախագիծը քննարկում են արագացված կարգով, և նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ: Նա պատգամավորներին կոչ արեց իրենց առաջարկները մինչև դեկտեմբերի 11-ը ներկայացնել գլխադասային հանձնաժողով: «Մենք սպասում ենք առաջարկների և պատրաստ ենք աշխատել պատգամավորների հետ»,- եզրափակեց Քոչարյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ավարտել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին կայանալիք նիստի մեկնարկին, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկումները կմեկնարկեն դեկտեմբերի 12-ին կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում:


© 2009 ARMENPRESS.am