Էրդողանը մեղադրել է Թրամփին տարածաշրջանը կրակի մեջ գցելու հարցում

11:07, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին մերձավորարևելյան տարածաշրջանը կրակի մեջ գցելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Անդրադառնալով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը՝ Էրդողանն ասել է. «Նմանօրինակ քայլի գնալը նշանակում է աշխարհն ու մասնավորապես այս տարածաշրջանը նետել կրակի օղակի մեջ: Հեյ, Թրամփ, ի՞նչ ես ուզում անել: Քաղաքական առաջնորդները ոչ թե խառնելու, այլ հաշտեցնելու համար են: Թող ոչ ոք չնեղանա, բայց չորեքշաբթի օրը (դեկտեմբերի 13-ին) որպես Իսլամական համագործակցություն կազմակերպության նախագահող հավաքելու ենք կազմակերպության անդամներին»:

Էրդողանը հայտնել է, որ խնդրի առնչությամբ շարունակելու է հեռախոսազրույցներ ունենալ տարբեր երկրների առաջնորդների հետ: Մասնավորապես, նա ցանկություն է հայտնել խոսել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ պաշտոնապես ընդունում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս փաստի առնչությամբ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ:

Այս հայտարարությանը պաշտոնական Անկարան խիստ արձագանք է տվել: Թուրքիայի ԱԳՆ-ից որոշումն «անպատասխանատու» են որակել:


© 2009 ARMENPRESS.am