Վարդենյաց լեռնանցքը և Ջուջևան - Նոյեմբերյան ճանապարհահատվածը դժվարանցանելի են

09:47, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Արարատի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Արագածի, Կոտայքի, Բաղրամյանի, Սևանի, Դիլիջանի ճանապարհներին, Գյումրի - Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ - տեղ մերկասառույց է:

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են Նոյեմբերյան Մ16 ավտոճանապարհի (35-40կմ) Ջուջևան - Նոյեմբերյան հատվածը և Վարդենյաց լեռնանցքը:  

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 


© 2009 ARMENPRESS.am