Հրանուշ Հակոբյանը ֆրանսահայ գործարարներին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար միջավայրին

19:20, 5 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բազմաթիվ հարցերի քննարկման ընթացքում բարձրացրել է նաև Մարսել-Երևան ուղիղ չվերթի բացման խնդիրը: Քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ: Նախարարը առաջարկել է Հայաստանի դպրոցներում ֆրանսերենի ուսուցման դասընթացներ կազմակերպել: Հանդիպմանը քննարկվել է նաև Մարսելի կերպարվեստի թանգարանի ցուցանմուշների ցուցադրության կազմակերպումը Երևանում:

Նույն օրը Մարսելում նախարարը մասնակցել է ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական  տոնակատարությանը:

Նախարարը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ սերտ կապեր հաստատելու համար: Հրանուշ Հակոբյանը Մարսելի հայ գործարարներին կոչ է արել ներդրումները կատարել Հայաստանում՝ այդ քայլով նպաստելով մեր երկրի գործարար միջավայրի զարգացմանը: Իսկ ներդրումային ծրագրերին, Հայաստանի կառավարության ընձեռած հնարավորություններին ծանոթանալու համար Հրանուշ Հակոբյանը գործարարներին հրավիրել է Հայաստան:


© 2009 ARMENPRESS.am