Արգենտինայի պաշտպանության նախարարն առաջին անգամ փաստել Է San Juan սուզանավի անձնակազմի զոհվելը

12:02, 5 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը երկրի իշխանությունների ներկայացուցիչներից առաջինն Է հրապարակավ հայտարարել, որ նոյեմբերի 15-ին կորած San Juan սուզանավի անձնակազմի բոլոր 44 անդամները զոհվել են:

Համապատասխան հայտարարությունը նա դեկտեմբերի 4-ին արել Է Todo Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լրագրողուհու այն հարցին, թե կարելի Է արդյոք սուզանավի բոլոր նավաստիներին զոհված համարել, ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել Է. «Միանգամայն ստույգ»: Նա նաեւ պարզաբանել Է, որ փրկարարական գործողությունը դադարեցնելու եւ սուզանավի որոնման վրա կենտրոնանալու ավելի վաղ ընդունված որոշումը պայմանավորված Է նրանով, որ «Էքստրեմալ պայմանները եւ սուզանավի անհետացման պահից անցած ժամանակը գոյատեւման ոչ մի շանս չեն թողնում»:

Ագուադը նաեւ հիշեցրել Է միջազգային նորմերի գոյության մասին, որոնք ժամանակի լիմիտ են սահմանում, որից հետո անհրաժեշտ Է անցնել գործողության հաջորդ փուլին՝ որոնողականին: Ավելի վաղ Todo noticias հեռուստաալիքը հայտնել Է, որ San Juan սուզանավի անհետացման գոտում գրանցված պայթյունն ավելի հզոր Է եղել 100 կիլոգրամ տրոտիլային համարժեքից: San Juan դիզել-Էլեկտրական սուզանավը, որում Ուշուայա քաղաքից դուրս գալու պահին եղել Է անձնակազմի 44 անդամ, դադարել Է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին: Սուզանավի որոնումն սկսվել Է նոյեմբերի 16-ի երեկոյան: Նոյեմբերի 30-ին Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնել են անձնակազմին փրկելու գործողությունը դադարեցնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am