ՌԴ Սարատովի նահանգի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել

12:43, 25 Նոյեմբեր, 2017

ԳԱՎԱՌ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սարատովի նահանգապետի հրավերով Սարատով քաղաքում գտնվող Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նահանգապետ Վալերի Ռադաեւը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նահանգապետ Վ․ Ռադաեւը շնորհակալություն է հայտնել Կարեն Բոթոյանին՝ հրավերն ընդունելու համար, հավելելով, որ դեռեւս հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում Կարեն Բոթոյանի հետ ստորագրված երկու մարզերի համագործակցության հուշագիրը լայն հնարավորություններ է ստեղծում երկու երկրների վարչական միավորների սուբյեկտների միջեւ փոխշահավետ համագործակցություն սկսելու համար։ Պատասխան խոսքում Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Սարատովի երկրամասի նահանգապետին ջերմ ընդունելության համար եւ հույս հայտնել, որ մշակութային, կրթական, առեւտրատնտեսական ու զբոսաշրջային ոլորտներում համատեղ ջանքերուվ կձեռնարկվեն գործնական քայլեր, կարձանագրվեն ձեռքբերումներ: Քննարկվել են մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների զագացման ուղղություններում նախատեսվող համագործակցության հեռանկարները: Կողմերը կարեւորել են երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գործում Սարատովի երկրամասի հայ համայնքի դերը: Հանդիպման ավարտին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը համագործակցության հուշագրեր են ստորագրել Սարատովի երկրամասի Կրասնի Կուտ եւ Վոլսկ քաղաքների իրենց գործընկերների հետ:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը ներկա կգտնվի նաեւ Սարատովի հայ համայնքի կողմից կազմակերպված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագիրը կրող համերգին, որն անցկացվում է երկրամասում հայկական մշակույթի օրերի շրջանակներում:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am