Պապիլոմա վիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկները

12:11, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները առաջինը կարվեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկներին:  Պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 11-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների համար կազմակերպված իրազեկման դասընթացին այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Պապիլոմա վիրուսի դեմ պետք է պատվաստվի 13 տարեկան շուրջ 16 հազար աղջիկ երեխա»,-նշեց նախարարը:

Պատվաստումները կիրականացվեն ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում:

«Շատ քիչ երկրներում են այդ պատվաստումներն իրականացվում բժշկական կենտրոններում, հիմնականում կատարվում են ուսումնական հաստատություններում: Հայաստանում ունենք դեռահասների պատվաստումների փորձ, հետևաբար պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները ևս կիրականացնենք նույն մեխանիզմով` ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում»,- ասաց Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախկինում առաջարկում էր երեք դեղաչափ պատվաստում: Արդեն երկու տարի է ԱՀԿ-ն երկրներին առաջարկում է երկու դեղաչափ պատվաստում` վեց ամիս ընդմիջումով:

«Քանի որ պատվաստումները իրականացնելու ենք դեկտեմբերից՝ 13 տարեկան աղջիկների շրջանում, հետևաբար սկսելու ենք պատվաստել 2004-ից հետո ծնված աղջիկներին` հաշվի առնելով 6 ամիս ինտերվալը»,-ասաց Սահակյանն ու նշեց` ինչպես նախապես խոստացել էին` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների  երեխաները ևս անպայման կպատվաստվեն:

Պատվաստումները կիրականացվեն «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով:

 


© 2009 ARMENPRESS.am