Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահի հետ

12:01, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Մարսելի բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ ֆրանսիական մի շարք քաղաքների և ռեգիոնների հետ արդեն իսկ առկա են համագործակցության հաջողված օրինակներ:

«Ինչպես գիտեք, արդեն 25 տարի է, ինչ սերտորեն համագործակցում ենք Մարսել քաղաքի հետ և պետք է նշեմ, որ բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, որոնցից շատերը նաև օրինակելի են:  Մեզ համար, տիկին Վասսալ, առաջնային են միջազգային առաջատար փորձի, քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու օտարերկրյան ներդրումների խրախուսումը և վստահեցնում եմ, որ Երևանն ունի՛ համագործակցության մեծ ներուժ ու մենք պատրաստ ենք Ձեզ հետ համատեղ քննարկել նաև Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ համագործակցություն ունենալու հնարավորությունները», - նշել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հնարավոր համագործակցության ուղղությունները համատեղ նախանշելու և համագործակցության համապարփակ ծրագիր մշակելու նպատակով:

Շնորհակալություն հայտնելով այցի համար, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալն իր հերթին կարևորել է հայ-ֆրանսիական կապերի էլ ավելի ամրապնդումն ու խորացումը և վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը երկուստեք կապերի հաստատման ուղղությամբ:

«Անկեղծորեն ուրախ եմ հյուրընկալել Ձեզ, պարոն քաղաքապետ: Ինչպես գիտեք, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենտրոնը հենց Մարսել քաղաքն է ու ինձ համար իսկապես հաճելի է արձանագրել, որ երկու քաղաքների համագործակցությունը ավելի ու ավելի է ամրապնդվում և ընդլայնվում: Անկեղծ ասած, մինչ մեր այսօրվա հանդիպումը ես նույնպես որոշել էի առաջարկել Ձեզ` հնարավոր համագործակցություն ձևավորել նաև Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ և այժմ կրկնակի ուրախ եմ, որ մեր կարծիքները համընկնում են: Կարող եք վստա՛հ լինել, որ իմ լիզորությունների շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը, որ հնարավորին արագ նախանշենք համագործակցության ուղղություններն ու ընթացք տանք երկուստեք փոխգործակցությանը», - նշել է Մարտին Վասսալը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել  Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:


© 2009 ARMENPRESS.am