Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 60 տարեկան

10:23, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղիղ 60 տարի առաջ այս օրը Ամերիկայի Միացյալ Նահագներում արևմտահայերի ընտանիքում ծնվեց Մոնթե անունով մի տղա, ում բաժին էր հասել կարճ, բայց հերոսական կյանք: Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթեն իր անձնազոհ օրինակով դարձել է հայրենասիրության ու քաջության էտալոն:

Ծնվելով Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու` Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Մոնթե Մելքոնյանն իր հայկական արմատների մասին իմացավ 12 տարեկանում: Երբ 15 տարեկան էր, ծնողների հետ ճամփորդեց Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41 քաղաքներով, եղավ Արևմտյան Հայաստանում: 20 տարեկանում ընդունվեց Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը, որն ավարտեց հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի վկայականներով։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնեց «Հայ ուսանողական միություն» եւ կազմակերպեց ցուցահանդես` նվիրված Մեծ եղեռնին։ Մոնթե Մելքոնյանի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանեց 1978 թվականին։ Արժանացավ կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Բրիտանիա չմեկնեց, նա գնաց Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները եւ կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։ 1991 թվականին ճանապարհները Մոնթե Մելքոնյանին բերեցին Հայաստան, ուր յոթ ամիս աշխատեց Գիտությունների ազգային ակադեմիայում` «Հայաստանը եւ հարևանները» գիրքը գրելու եւ հրատարակելու նպատակով։

Երևանում Մենթե Մելքոնյանն ամուսնացավ լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդա Գպրանյանի հետ, ում ճանաչում էր դեռ Լիբանանում եղած ժամանակվանից: Թողնելով գիտական գործունեությունը, նա մեկնեց Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ 1992 թվականի հունվարին Մոնթե Մելքոնյանին, ում ռազմական ընկերները Ավո էին կոչում, հանձնարարվում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու եւ փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր: Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր: Մարտունեցիները պատմում են, թե Մոնթե Մելքոնյանը շատ հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում, սակայն նա դրանցից ոչինչ չէր վերցնում։ Զինակիցները հիշում են, որ Մոնթեն հաճախ լվանալ ու ապա կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։ Ու երբ մի անգամ կշտամբեցին, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես, նա ասել էր` «այս անգամ էլ հագնեմ, հետո կփոխեմ»։

1993թ. հունիսի 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջավ հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպեց հակառակորդի զրահամեքենային և բացված կրակահերթի հետևանքով զոհվեց:

Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացավ Հայաստանի Ազգային հերոսի և Արցախի հերոսի կոչումների, պարգեւատրվելով «Հայրենիք» և «Ոսկե Արծիվ», ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրաետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:

Նրա մասին հուշերից մեկն այն մասին է, ինչպես էր Մոնթե Մելքոնյանը վերաբերում հրադադարին ու դրա խախտմանը: «Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում էր Մոնթեն իր զինվորներին: Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է կռվողներից մեկը: Մարերը լացացրեք, - լինում էր Ավոյի պատասխանը»:

Մոնթեն որպես զորավար, հրամանատար եւ սպա` կայացավ դժվարին պայքարում. Նա և զինվոր էր, և հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր ու առաջամարտիկ, ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների ու բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը: «Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փամփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք»,- պատմում են նրա ընկերները:

 


© 2009 ARMENPRESS.am