Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

20:04, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Հյուսիսային Սինայի Բար էլ-Աբդ քաղաքի էր-Ռաուդա մզկիթում ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ մարդկանց կյանք է խլել։ 

«Հայաստանը խստագույնս դատապարտում է այդ անմարդկային արարքը և իր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։

Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում


© 2009 ARMENPRESS.am